Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Երբ մարդկային ողբերգությունը մյուսների համար դառնում է ինքնահասատման ճանապարհ

Երբ մարդկային ողբերգությունը մյուսների համար դառնում է ինքնահասատման ճանապարհ
04.06.2023 | 21:04

Ի՞նչ կուզենայի... Ես կուզենայի,

Որ մարդիկ իրար լավ հասկանային,

Որ ամեն ծնունդ

Համաշխարհային փառատոն դառնար,

Եվ ամեն մի մահ`

Կորուստ հռչակվեր համաշխարհային:

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

Այսպես է իր ժողովրդի և մարդկության հետ խոսում հայոց բանաստեղծը՝ Համո Սահյանը: Սակայն, ինչպես ցույց է տալիս հասարակության մերօրյա պատկերը, մեծերի խոսքերը մնում են իրենց ստեղծագործությունների էջերում՝ հասկանալի ու ընթեռնելի միայն քչերին: Սրանում համոզվելու առիթների պակաս գրեթե չկա: Եվ սա հաստատվում է ամեն անգամ, երբ մեր կյանքում որևէ մարդկային ողբերգություն է տեղի ունենում: Այո, մե՛ր, այլ ոչ թե միայն տվյալ մարդու ընտանիքի: Որովհետև իրեն հոգևոր էակ համարող որևէ հայ մարդ չպետք է անտարբեր լիներ իր շրջապատի նկատմամբ: Մինչդեռ մեզանում ճիշտ հակառակն է. եթե կարող են անտարբեր լինել մեր հազարավոր անմահացած հերոսների լուսապատկերների հանդեպ, դեռ մի բան էլ հերոսամայրերի էջերում պահանջել, որ ոչինչ չգրեն ու, ինչպես իրենք են իրենց անաստված ու սարսափելի բառերով գրում՝ «սուգդ քեզ պահիր», ուրեմն նույն անտարբերը կլինեն մարդկային ողբերգության այլ դրսևորումների հանդեպ ևս…Հետո էլ կգտնվեն իրենց լրատվական էջեր համարող բազմաթիվ կայքեր, որ մարդկային ողբերգությունը կդարձնեն հազարավոր «դիտումներ» հավաքելու միջոց: ՈՒ սա էլ բավական չէ, կգտնվեն մարդիկ, ովքեր առանց մարդուն ճանաչելու իրենց երևակայության մեջ կկերտեն նրա կերպարը, որն իրականության հետ աղերս գուցե և չունի:

…Մեր քաղաքում հերթական ողբերգությունն է տեղի ունեցել: Բազմահարկ շենքի բնակարանից ցած ընկնելով՝ իր 10 ամսական փոքրիկի հետ մահացել է մի աղջիկ: Եվ այս ցավալի լուրի շուրջ տարբեր լրատվականներ, մասնավորապես «Ազատություն» -ը ներկայացնում են շատ կողնմակալ մեկնաբանություն՝ առաջին իսկ տողերը ասես թաքնված ենթատեքստով սկսելով այսպես.

«Այսօր հունիսի 1-ն է: Հազարավոր մայրեր իրենց երեխաներին տարել են ուրախ ժամանցի վայրեր, բայց ահա Երևանի այս հասցեում…»:

Շարունակությունն արդեն հազիվ ես լսում: Որովհետև մի կայք, որ տարիներ շարունակ իր գործունեությամբ քանդել է մեր ազգային հիմքերը, փորձում է այս ողբերգությունն օգտագործել, որ իրեն հասու մեթոդներով վարկաբեկի հայ մոր կերպարը:

Եվ ինչքա՜ն հայեր են գտնվել, որ այս նյութի տակ իրենց բնորոշ սառնությամբ փորձել են դատողություններ անել մահացած աղջկա կերպարի մասին, որոնց բովանդակությունն ավելի լավ է չհիշատակենք:

ՈՒ ոչ ոք որևէ լրատվական կայքի դիտողություն չի արել, որ ազգի, հասարակության հետ գործ ունենալուց առաջ հարկավոր է դավանել բարոյա-էթիկական կոդեքս, ինչի մասին մեր դասախոսները մեզ սովորեցնում են ցանկացած բուհում՝ ժուռնալիստիկայի ֆակուլտետում սովորելու դեռ առաջին կուրսից: Ոչ ոք այդ կայքերին դիտողություն չի արել, որ գրիչը (իսկ մեր օրերում թերևս՝ համակարգչի մկնիկը) ձեռքն առնելուց առաջ պետք է ունենալ սոցիալական պատասխանատվություն մարդու ճակատագրի, հասարակության ու ազգի նկատմամբ: Բայց՝ ոչ: Իրենց համար կարևորը գրելն է. նշանակություն չունի ու՞մ, ինչի՞ մասին և ի՞նչ առիթով: Կարևորը՝ իրենց կայքը դիտում ունենա. նշանակություն չունի, որ մարդկային անփութությամբ արժեքներ են ոտնահարում:

…Ես ինքս այս ողբերգության մասին կարդացել եմ երեկ ՝ երեկոյան ուշ ժամի: Կարդացել եմ մեր հերոսամայրերից մեկի էջում:

Արցախյան երրորդ պաերազմում անմահացած հերոսներից՝ հավերժ 18-ամյա Էդգար Աղաբաբյանի մայրը՝ տիկին Շուշանիկը , տեղադրելով իր որդու և փոքրիկին գրկած Օվսաննա Սողոյանի նկարը, գրել էր.

«Երկինքը հարստացավ մաքրամաքուր հոգիներով ՀՐԵՇՏԱԿՆԵՐ»:

Ո՞վ էր մահացել: Ի՞նչ սարսափելի լուր էր: Պարզվեց հերոսամայրիկի հարազատ քրոջ դուստրն է՝ այն նույն աղջիկը, որի հետ կապված ողբերգության մասին գրում էին ողջ օրը՝ բնորոշելով այն ինքնասպանություն: Միայն այսօր եմ կարողացել զրուցել հերոսամոր՝ տիկին Շուշանիկի հետ, ով հազիվ լսելի ձայնով պատմում էր, որ բոլոր հարազատները բացառում են ինքնասպանության վարկածը, քանի որ Օվսաննան (ով ինչպես պարզվում է, եղել է Դար -21 հեռուստաընկերության հաղորդավարուհիներից), ուներ շատ լավ, երջանիկ ընտանիք, լի էր ապագայի բազում ծրագրերով:

-Նա ոչ մի խնդիր չի ունեցել ո՛չ իր ամուսնու, ո՛չ էլ ամուսնու ընտանիքի հետ: Մենք նրան միշտ տեսել ենք ուրախ ու կյանքով լի: Նա չի եղել աղանդավոր, ինչպես փորձում են ներկայացնել շատերը: Ինքը հետևել է միայն Հայ Առաքելական եկեղեցուն: Երազում էր Հայաստանում զբաղվել էկոտուրիզմով, նպաստել բնապահպանական հարցերը վեր հանելուն: Ինձ միշտ ասում էր.

-Մոք ջան, ուզում եմ մեր հերոսների մասին կենսագրական ֆիլմեր ստեղծել, և դա սկսելու եմ առաջին հերթին իմ եղբորից՝ Էդգարից:

Շատ ուրախ մարդ էր: Գնացել էր հյուր, Ռուսաստանից եկած քեռուն՝ եղբորս տեսակցելու : Մենք բացառում ենք, որ նա մտածեր մահվան մասին: Երևի երեխան է մոր գրկում անհանգիստ շարժումներից ընկնելիս եղել, ինքն էլ իրեն կորցնելով ուզեցել է բռնել, և կորցրել է հավասարակշռությունը: Չգիտեմ, չեմ պատկերացնում, չեմ կարող ուշքի գալ…

Նշենք, որ ողբերգության պահին տիկին Շուշանիկն այնտեղ չի եղել, որովհետև բազմաթիվ առողջական խնդիրներ ունի և գրեթե երբեք տանից դուրս չի գալիս: Չի պատկերացնում, թե զավակի՝ հերոս որդու կորստից հետո ինչպես է դիմանալու այս ողբերգությանը ևս:

Իսկ ես ինքս երբեք չեմ կարող անտարբեր լինել մարդկային ողբերգությունների հանդեպ, ինչպիսի դրսևորում էլ այն ունենա: Մի բան պիտի հաշվի առնենք. նման ողբերգությունների մասին նյութերի հարթակում զերծ մնալ մեր՝ կյանքում երբեևէ չճանաչած մարդու մասին դատողություններ անելուց, քանի դեռ չենք բացահայտել: Խոսքս առաջին հերթին ուղղված է մի շարք լրավամիջոցներին: Մարդկային ճակատագրերը ինքնահաստատվելու հարթակ չեն: Մինչ ողբերգական դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն, սխալ չէր լինի, որ մարդու մասին պատկերացում կազմելու համար տեսնեին նրա էջը: Իսկ այդ նյութերից երևում է, որ նա եղել է հայրենասեր, իր ընտանիքը սիրող հայուհի: Նրա էջում քիչ չեն նյութերը երջանիկ մայրության, Հայաստանի բնության գողտրիկ անկյունների, իր և ամուսնու հետ ճանապարհորդությունների, հագուստի բրենդ ստեղծելու մասին պատմող գեղեցիկ գրառումները: ՈՒզել է, որ Հայաստանի բնությունն էլ աշխարհին նույնքան ճանաչելի լինի, որքան համաշխարհային տուրիզմին հայտնի կղզիներն ու քաղաքները:

Կուզեի ներկայացնել այդ ՝ վերջերս արված գրառումներից մեկը, որը թերևս շատ բան է պատմում Օվսաննայի մասին.

«Կյանքիս ամենամեծ փորձառությունն էր, իմ ընտանիքի հետ ժամանակավորապես Բալի տեղափոխվելը: Ապրեցինք էստեղ 5 ամիս, մեզ, մեր ընտանիքը ճանաչեցինք ու բացահայտեցինք լրիվ այլ տեսանկյունից, միայնակ դրսում ապրելը մեծ մարտահրավեր է հատկապես փոքրիկիդ հետ: ՈՒ այդ մարտահրավերը պետք էր, որ, ի վերջո, հասկանայինք ուր ենք ուզում շարժվել: Բալին, իհարկե , հիասքանչ կղզի է, բայց ինձ ավելի կապեց Հայաստանին: Ինձ ավելի լավ ճանաչեցի օտարության մեջ: Հասկացա ինչքան ուժեղ եմ սիրում Հայաստանը, ու որքան էլ էստեղ ամեն ինչ կատարյալ լինի, տունը այնտեղ է, որտեղ սիրտդ, որտեղ սիրտդ ծնվել ու սկսել է բաբախել: Եկանք Բալի նաև մեր երազանքների հետևից, մեր փոքրիկ նորաստեղծ բրենդի համար ստեղծել հագուստի հավաքածու կղզում: Եվ վերջին երկու շաբաթը պասիվությունս հենց դրանով էր պայմանավորված: Վերջապես այն իրականություն է: Այսօր դառնում եմ 29 տարեկան, 2 տարի առաջ, երբ կյանքս բաժանվեց երկու մասի, անգամ երազել չէի կարող, որ ընտանիքիս ու իմ Րաֆֆի Սէրի հետ այսօր այստեղից գրառում կանեմ: Բալին իմ կյանքի լավագույն դասն էր, որ ստացա: Շնորհակալ եմ, ու պարզ ճակատով շարժվում եմ առաջ»:

Ցավակցում եմ Օվսաննայի հարազատներին ու ընտանիքին: Իսկապես, բառեր չկան. մեր առանց այդ էլ անսահման ողբերգական իրականության, մեր այսքան անչափելի կորուստների կողքին մարեց ևս մի հայկական, սիրուն օջախ: Ցավակցում եմ հերոսամայր Շուշանիկ Աղաբաբյանին:

Կից կտեղադրեմ մի տեսանյութ (https://www.facebook.com/ArmPublicTV/videos/470601833811846/),

որը դարձյալ նրա կյանքի կարևոր դրվագներից է եղել:

Սովորենք տեսնել մարդկանց, քանի դեռ ուշ չէ:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3771

Մեկնաբանություններ